Apple ընկերությունը հրավիրում է իր աշխատակիցներին մասնակցել հունիս ամսին Սան Ֆրանցիսկոյում կայանալիք գեյ-շքերթին։
Ընկերությունը նախատեսում է բացել փոքրիկ ճամբար՝ իր աշխատողների և նրանց ընտանիքի անդամների համար։ Սպասվում են տարբեր ժամանցային ծրագրեր, ակցիաներ, երթեր։ Apple-ի կենտրոնական գրասենյակը զարդարված կլինի դրոշներով, գեղեցիկ ծաղիկներով, պաստառներով և տոնական տրամադրություն ստեղծող այլ ատրիբուտներով։ Դեռ հայտնի չէ` ընկերության ղեկավարությունը դուրս կգա՞ սեռական փոքրամասնություններին նվիրված շքերթին, թե ոչ։
Սան Ֆրանցիսկոյում միասեռ ամուսնությունները օրինականացվել են 2013թ․ հունիս ամսին։ Մի քանի օրում իրենց ամուսնությունները գրանցել են տասնյակ զույգեր։ Ներկյումս սեքսուալ փոքրամասնության ներկայացուցիչները կարող են գրանցել իրենց ամուսնությունները ԱՄՆ-ի 13 նահանգներում։
Ընկերության տնօրեն Թիմ Կուկը պատմել է, թե ինչ միջոցառումներ է իրականացնում Apple-ը իր աշխատակիցների միջև անհավասարության ու խտրականության դեմ պայքարի համար։ Նրա խոսքով՝ Apple-ն ամենաակտիվ կերպով պաշտպանում է գեյերի և լեսբուհիների իրավունքները։ Սեքսուալ կողմնորոշումը, ազգային պատկանելիությունը և կրոնը որևէ ազդեցություն չեն կարող ունենալ աշխատանքի ընդունվելիս ու հետագայում կոլեկտիվում աշխատելու համար։
Նշենք, որ անցած տարի Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկենբերգը նույնպես մասնակցել է Սան Ֆրանցիսկոյում անցկացված գեյ-շքերթին։ Նա անձամբ գլխավորել է իր 700 աշխատակիցներից բաղկացած խումբը, ինչը կազմում է ընկերության ընդանուր աշխատակազմի ավելի քան 15%-ը։ Facebook-ից բացի՝ շքերթին մասնակցում էին նաև Google-ի մոտ 1400 աշխատակից։