Microsoft կորպորացիան ներկայացրել է Windows 10 օպերացիոն համակարգի մասին առաջին գովազդը։ Ընկերության YouTube–ի էջում հասանելի են դարձել միանգամից հինգ տեսահոլովակներ` "The future starts now" (Ապագան սկսվում է այսօր) վերնագրով:
Տեսանյութում հիմնական դերակատարները երեխաներ են։ Այն առաջարկում է պատկերացնել երեխաների (ինչու ոչ նաև մեծահասակների) ապագայի մասին։ Ապագայի, որտեղ պետք չէ անհանգստանալ անվտանգության համար կամ հիշել գաղտնաբառերը։ Ապագայի, որտեղ բոլոր մոնիտորները սենսորային են և բոլոր վեբ կայքերը հնարավոր է ուղարկել ընկերներին և մտերիմներին, իսկ նոր տեխնոլոգիաները լսում և օգնում են օգտատերերին (խոսքը ձայնային օգնական Cortana–ի մասին է)։
Գովազդի նկարահանումները տեղի են ունեցել Մարոկկոյում, Թաիլանդում, Իսլանդիայում, Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում։ Հուլիսի 19–ից այն ցուցադրվում է ԱՄՆ-ում իսկ աշխարհի տարբեր երկրներում կցուցադրվի պաշտոնապես հասանելի դառնալուն պես։ Ի դեպ` հուլիսի 28–ից Windows 10–ը հասանելի կլինի ներբեռնման համար։ Տեսահոլովակը ավարտվում է "A more human way to do" (Իրագործելու առավել մարդկային ուղի) արտահայտությամբ։
Windows 10-ի ցուցադրական տարբերակը ներկայացվել է 2014 թվականի սեպտեմբեր ամսին։ Windows 7–ով և Windows 8.1–ով աշխատող համակարգիչների համար թարմացումը կլինի անվճար։