Sunday, January 3, 2016

Քառաթիռները (drones), նրանց տեսակները և առանձնահատկությունները

Քառաթիռները (կամ՝ քվադրոկոպտերներ,  drones) անօդաչու սարքեր են՝ շարժիչների և թևիկների օգնությամբ մթնոլորտում թռչելու համար։ Drone բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է «բզզոց»։


Դռոնները բավականին մեծ ճանաչում են ձեռք բերել ամբողջ աշխարհում, վերջին ամիսներին լայն տարածում գտան նաև Հայաստանում։ Դրանք կիրառելի են ինչպես կոմերցիոն և ռազմական/հետախուզական նպատակներով, այնպես էլ ապրանքների առաքման, կամ ուղղակի դժվար անցանելի և վտանգավոր վայրերից նկարներ և տեսանյութեր ստանալու համար։ Ներկա ժամանակում գոյություն ունեն դռոնների հարյուրավոր տեսակներ և մոդելներ՝ թռչող, քայլող, ցատկող, լողող, նույնիսկ պարող և նվագող։ Դրանք լինում են տարբեր չափսերի՝ լուցկու տուփի չափսից մինչև մի քանի մետր:

Տեխնիկական հատկանիշները

Քվադրոկոպտերների հորիզոնական թռիչքի միջին արագությունը 20 մ/վ է, բարձրանալու արագությունը՝ 7մ/վ, վայրէջքինը՝ 3 մ/վ: Թռիչքի միջին հեռավորությունը 20 կմ է, մարտկոցի հզորությունը միջինում 4500 մԱ/ժ է, իսկ կշիռը՝ 1 կգ։ Դռոնների ամենամեծ թերությունը կայանում է թռիչքի տևողության մեջ։ Չնայած հզոր մարտկոցների՝ այն տևում է 25 րոպե: 


Կառավարումը


Սարքը ղեկավարելու համար քվադրոկոպտերներ արտադրող ընկերությունները ստեղծել են հեռակառավարման վահանակներ, որոնց վրա հեռարձակվում է տեսախցիկից ստացված կադրերը։

Քառաթիռների շատ մոդելներ ունեն բջջային հավելվածներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում կառավարել սարքավորումը անմիջապես սմարթֆոնից և պլանշետից։

GPS համակարգ

Անօդաչու սարքերը օժտված են GPS մոդուլով, որը թույլ է տալիս կորդինատներով վերադառնալ դեպի այն կետը, որտեղից դռոնը շարժվել է:

Ամենափոքր քառաթիռը

Լուցկու տուփի չափերով Axis VIDIUS քառաթիռը ստեղծվել է AXIS drones ընկերություն կողմից։ Սարքավորման չափերն են  4.3cm x 4.3cm x 2.5cm։ 
Մարտկոցը հնարավորություն է տալիս սարքին թռչել մոտ 5-7 րոպե, իսկ լիցքավորումը կատարվում է 20 րոպեում։ Տեսախցիկը նկարահանում է 420p ֆորմատով։ Մինի-դռոնի գինը կազմում է ընդամենը 75 դոլար: Այն կարող եք ձեռք բերել արտադրողի կայքից:


Ցատկող և պատերի վրայով քայլող դռոններ

Parrot ընկերությունը, որը ամբողջ աշխարհին հայտնի է իր քառաթիռներով՝ 2014 թվականի օգոստոս ամսին ներկայացրեց 2 նոր դռոն, որոնց կոչեց Rolling Spider և Jumping Sumo: Երկու դռոններն էլ օժտվել են փոքր չափսերով, փոքր կշռով և ղեկավարվում են հավելվածի միջոցով։


Rolling Spider-ը կարողանում է թռչել մեծ արագությամբ և կայունությամբ, ունի շարժական անիվներ, որոնք հնարավորություն են տալիս շարժվել ինչպես դաշտերում, այնպես էլ պատերի վրայով:


Jumping Sumo-ն այնքան էլ ունիվերսալ չէ, սակայն այն կարողանում է ոչ միայն մեծ արագությամբ շարժվել դաշտերով, այլ նաև ցատկել 80 սմ բարձրությամբ։ Ունի ներկառուցված տեսախցիկ, որը նկարը փոխանցում է սմարթֆոնի կամ պլանշետի էկրանին հատուկ հավելվածի միջոցով:
 


Դռոն - պահակ, ինքնուրույն հետապնդում է օրինախախտներին

Secom ընկերությունը  ներկայացրել է քվադրոկոպտեր՝ նախատեսված հատուկ անվտանգության և պաշտպանության համար։ Ռոբոտը կարող է ավտոմատ կերպով հետևել և լուսանկարել  հսկող օբյեկտին մոտեցող մարդկանց և մեքենաների համարանիշները։


Իհարկե, եթե գողերը կարողանում են լավ վազել, ապա դռոն-պահակը չի կարողանա հասնել նրանց, քանի որ նրա արագությունը սահմանափակվում է 2.7 մ/վ-ով, բայց այնուամենայնիվ, դա շատ մեծ առաջընթաց է անվտանգության տեխնոլոգիաներում։

Ցավոք, դուք չեք կարողանա գնել Secom դռոնը անձնական օգտագործման համար, քանի որ այն նախատեսված է իրավապահ մարմինների համար, բայց դուք դժվար թե ցանկանայիք գնել այն, տեսնելով նրա գինը։ Սարքն արժի 6620 դոլար և 4100 դոլար՝ 1 ամիս ծառայության համար։ Սակայն, նորույթը անկասկած դուր կգա պահակներին, ովքեր շատ ծույլ են, որպեսզի մարմնի համապատասխան մասը բարձրացնեն և լուսանկարեն իրավախախտին, երբ իրենց փոխարեն դա կարող է անել դռոնը։


Սուզվող քառաթիռ՝ Naviator

Ծանոթացեք Naviator-ի հետ, այն ստեղծվել է Ռութջերսի համալսարանի ուսանողների և հետազոտողների կողմից։ Ինչպես արդեն կռահեցիք՝ նա իրեն հիանալի է զգում և՛ ջրի տակ, և՛ օդում։ Դռոնը հեշտությամբ կարող է թռիչքից անցնել ստորջրյա ռեժիմի։


Այս ծրագիրը աջակցվեց ԱՄՆ ռազմա-ծովային ուժերի կողմից՝ հույս ունենալով ստեղծել մի նոր «տրանսպորտային» միջոց, որն ի վիճակի կլինի լուծել բազմաթիվ խնդիրներ. օրինակ՝ ստուգել կամուրջների սյուները և հիմքերը, ուսումնասիրել ստորջրյա աղտոտվածությունը կամ կատարել որոնողական և փրկարարական գործողություններ։

Այնժամ, երբ վերը թվարկված գործողությունները կմոտենան խաղաղ և առևտրային նպատակներով օգտագործմանը՝ ռազմածովային ուժերը, անկասկած, աչք կդնեն այս տեխնոլոգիայի վրա, չէ՞ որ նման դռոնը կարող է շատ արագ գտնել ստորջրյա ականները։ Ինչպես Ռութջերսի համալսարանի մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր Խավիեր Դիեզն է ասում՝  ռազմածովային ուժերի ամենամեծ խնդիրը ականներն են։

   

Առաջին նախատիպը միայն ապացույց է այն բանի, որ դռոնները կարող են հեղափոխական լինել մարդկության համար։ Սակայն հետազոտողները դեռ բազմաթիվ խոչընդոտներ պետք է հաղթահարեն․ օրինակ՝ պետք է բարելավեն սարքավորման ստորջրյա դինամիկան, քանի որ ռադիոազդանշանների փոխանցումը ջրի տակ դեռևս բարդ է, իսկ այժմ այն հնարավոր է միայն էլեկտրագծերի օգնությամբ։ Չնայած բոլոր խոչընդոտների՝ դռոնի դեմո տարբերակը ապշեցնում է իր ունակություններով։


Մասաչուսեթսի հրշեջ ծառայությունը և քառաթիռը

Երբ հրդեհվում են շենքեր, երբեմն ծուխն այնքան շատ է լինում, որ այրվող տարածքը տեսնելը գրեթե անհնար է դառնում։ Սակայն Մանչեսթերի հրշեջ ծառայությունը կարծես թե գտել է ելքն այդ իրավիճակից։ Օգագործելով դռոնին կցված ինֆրակարմիր տեսախցիկ՝ փրկարարական ջոկատին հաջողվում է տեսնել ծխի միջով։


Aeryon SkyRanger-ը 2,5 կգ քաշով դռոն է, որը կարողանում է օդում մնալ մինչև 40 րոպե։ Այն ի վիճակի է բարձրանալ ավելի քան 3 կիլոմետր (չնայած, որ ծրագրային առավելագույն բարձրությունը սահմանափակվում է 120 մետրով), և կարող է թռչել ցանկացած եղանակի ժամանակ, բացառությամբ 13.5 մ/վ և ավել քամիների։ Քառաթիռը կառավարվում պլանշետով։ Մանչեսթերի հրշեջները արդեն սկսել են օգտագործել այս մոդելը։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ քառաթիռները օգտագործվում են հրդեհների մարման համար։ Ամերիկայում արդեն եղել են դեպքեր, երբ մարդիկ փորձել են օգտագործել դռոնները՝ հրդեհների մարման համար, սակայն միայն խոչընդոտել են հրշեջների աշխատանքը, դրա համար շատ կարևոր է, որ դռոնները օգտագործվեն բացառապես պրոֆեսիոնալ մասնագետների կողմից։



Քվադրոկոպտեր, որը վախեցրեց ԱՄՆ-ին

2015 թվականի սկզբին զավեշտալի դեպք տեղի ունեցավ ԱՄՆ-ում։ Դռոնը վախեցեց ԱՄՆ գաղտնի ծառայությանը՝ գրեթե հասնելով նախահագ Բարաք Օբամայի նստավայրին: 


Փոքր դռոնը խրվել էր ծառի մեջ, որը գտնվում էր Սպիտակ տան մոտ, իսկ թռչող օբյեկտներ հայտնաբերող համակարգը չէր կարողացել նկատել այն։ Մոտ 60 սմ տրամագծով և 900 գրամ քաշով քառաթիռը պատկանում էր ԱՄՆ կառավարության աշխատակիցներից մեկին, ով գիշերվա ժամը 3-ին զվարճանում էր, երբ հանկարծ կորցրեց կապը դռոնի հետ։

Մի քանի օր անց ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայությունը անցկացրեց համաժողով՝ նվիրված պառնալիքի, որ նմանատիպ սարքերը կարող են ներկայացնել պետական մարմինների և հասարակական վայրերի համար։